ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Չեմ կարող իմ շնորհակալանքի խոսքը չուղղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Չեմ կարող իմ շնորհակալանքի  խոսքը չուղղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
13.06.2014 | 11:59

Երևան. ավելին, քան քաղաք, տուն, օթևան, բնօրրան։ Էության թանկ մի մասնիկ, որի փողոցների, շենքերի, մայթերի ու ծառերի վրա նախկինում շաղ էի տալիս սեր ու ծիծաղ, հավաքում լույս ու խինդ, հոգու խայտանք և անափ հպարտություն։ Ցավոք, հիմա այդպես չէ. հիմա միայն ափսոսանք ու կարոտ եմ հավաքում օրըստօրե օտար դիմագծեր ընդունող իմ քաղաքից։ Հուշերիս թելին տերողորմյայի հատիկների նման հետ ու առաջ եմ տալիս այն գրախանութները (հիմա ինչի ասես վերածված), որտեղից գրքեր եմ գնել, այն շենքերը, որոնց գողտրիկ տեսքով կամ քիվերի զարդանախշերով հիացել եմ, հպարտություն ապրել` հայ արարող, ստեղծագործ ձեռքի ճարտարությամբ (ներկայումս կառուցվող ապակեպատ տձև աժդահաները կարծես ահաբեկում են աչքդ ու հոգիդ)։ Անհետացան, փլվեցին` իրենց տակ թողնելով ոչ միայն թանկ հուշերս, այլև իմ ինքնության մի մասը, աղճատեցին իմ դիմագծերը, կողոպտեցին ու որբացրին ինձ հոգեպես։ Ես իմ քաղաքում քիչ-քիչ սկսեցի ինձ զգալ խորթացած և օտար։
Խախտվեց ժամանակի կշեռքը, և ինձ թվում էր` անդարձ։ Եվ այս հենքի վրա, երբ վատն ու վատթարը ավելի ու ավելի են ծանրացնում այդ կշեռքի նժարը` զարմա՜նք...
Առաջին զարմանքս ապրեցի, երբ մեկ տարի առաջ, մեր` Հարավ-արևմտյան Ա-3 թաղամասի ներքին բակերը սկսեցին բարեկարգել. բնակիչների կողմից զավթված, այնուհետև անխնամ և աղբանոցի վերածված զգալի տարածքներ մաքրվեցին, տեղադրվեցին գեղեցիկ նստարաններ, մանուկների համար ատրակցիոններ, տնկվեցին ծաղիկներ և թփեր (ցավոք` ոչ ծառեր)։
Երկրորդ զարմանքս այս գարնանն էր, երբ մեր վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակիցները աղբից, չորացած տերևներից, տոպրակներից և պլաստիկե շշերից հիմնավորապես մաքրեցին մեր շենքի դիմաց գտնվող (և ոչ միայն մեր շենքի) ծառապատ տարածքները, գազոնները, առհասարակ` շրջակայքը։
Երրորդն այն կաթիլն էր, որ լցրեց զարմանքիս գավաթը` ստիպելով գրել այս տողերը։ 1980-ականների սկզբից, երբ կառուցվել էր մեր Ա-3 թաղամասը, գրեթե ոչ մի նորոգում չէր կատարվել այնտեղ, չհաշված տոնավաճառի վերածված անասնագոմը, որը հատկապես անձրևոտ օրերին պարզապես պատուհաս էր դառնում բնակիչների գլխին, և Վահան Զատիկյանի գերմարդկային ջանքերով շենքերից ազատ մնացած տարածքների փոշոտ ու գաջոտ մերկությանը կանաչ զգեստ հագցնելը` ի դեմս «Չինարի» այգու և հայոց մեծերի ծառուղու։
Երկու շենքերի միջև դեպի կենտրոնական` Անդրանիկի փողոց իջնող թեք աստիճանավանդակ կար, որը նշված տարիներից ի վեր չնորոգվելով` քայքայվել և, հատկապես ձմռան ամիսներին, աներթևեկելի էր դարձել։ Ձմռանն այն վերածվում էր խորդուբորդ սահադաշտի, և բնակիչները ստիպված նրա երկու կողմերի խոտածածկ տարածքները տրորելով էին անցնում։ Վերջերս հիմնահատակ քանդեցին այդ «աստիճանները», հողային մաքրում կատարելով երկկողմանի ճաղաշարերով մի հրաշալի բետոնապատ աստիճանահարթակ կառուցեցին։
Հավատարիմ իմ սկզբունքին` լավը դրվատել, վատը փնովել բացեիբաց, չեմ կարող իմ շնորհակալանքի խոսքը չուղղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ Անկախության տարիների գրեթե բոլոր քաղաքապետերին տեսել եմ մեր թաղամասում (հատկապես ընտրությունների նախօրեին), բացի Ձեզնից։ Սակայն էականը ֆիզիկական ներկայությունը չէ, այլ հոգևոր, աշխատանքային ներկայությունը, իսկ Ձեր հեռակա ներկայությունն ամենուր և ամեն օր է մեր թաղամասում։
Խախտված կշեռքը հավասարակշռության բերելու Ձեր ջանքերն ակնհայտ են, և մեղք է ուրանալը։ Ավելի ամուր և հաստատակամ եղեք Ձեր հետագա գործերում և նախաձեռնություններում։ Ճիշտ է, ցավալիորեն Երևանի դիմագիծն անդառնալիորեն աղճատել են, բայց այն, ինչ դեռևս թանկ ու սիրելի է մնացել, փորձենք դա՛ փրկել։
Շնորհակալանքի խոսքեր ամեն օր և ամենքին չէ, որ ասվում են, բայց մաքուր և բարեկարգ բակերը, Երևանի ձեռագրի կարևորագույն մասնիկ ցայտաղբյուրները, խաղահրապարակներում ճռվողող թռվռուն մանուկները, հարմարավետ նստարաններին, ծառերի հովին նստած մայրիկների և տատիկների կողքին` մանկասայլակներում քնած մանկիկների մեղմ շնչառությունը, թեկուզ ոչ բարձրաձայն և անձամբ, միայն իրենց ամենօրյա խաղաղ գոյությամբ Ձեզ մի բան են ասում` շնորհակալ ենք։


Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ